Skip to main content

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

  1. Տեղափոխության մասին ուսանողների դիմումներն ընդունվում են համապատասխան ձևով ուսուցման կիսամյակների ուսումնական պարապմունքներին նախորդող և հաջորդող 2 շաբաթվա ընթացքում: Ուսանողը տեղափոխման մասին դիմումը ներկայացնում է իր ուսումնառության բուհի ռեկտորին՝ ակադեմիական տեղեկանք ստանալու համար: Բուհի կողմից ակադեմիական տեղեկանք տրամադրվում է 7 աշխատանքային օրվա ընթացքում:

  2. Ուսանողի տեղափոխությունը թույլատրվում է, եթե տեղափոխման պահին ուսումնառած ծրագրի և ընդունող ծրագրի բովանդակությունների տարբերությամբ պայմանավորված՝ առարկայական տարբերությունների թիվը չի գերազանցում 20 կրեդիտը: 
    Հակառակ պարագայում ուսանողին առաջարկվում է փոխադրվել ավելի ցածր կիսամյակում կամ այլ հարակից մասնագիտությամբ սովորելու, որի դեպքում առարկայական անհամապատասխանությունների նշված պահանջը բավարարվում է: Զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով բուհ ընդունված ուսանողների տեղափոխության դեպքում տրամադրված տարկետման իրավունքի փոփոխություն չի կատարվում:

  3. Չի թույլատրվում բակալավրի կրթական ծրագրով առաջին և ավարտական կուրսերում ուսանողի տեղափոխությունը: Մագիստրոսի կրթական ծրագրով ուսումնառողների տեղափոխությունը թույլատրվում է առաջին կիսամյակի ավարտից հետո: Բուհերի հեռակա (առկա) բաժիններից առկա (հեռակա) բաժիններ տեղափոխումը թույլատրվում է առանց պարտադիր ժամկետային զինվորական ծառայության տարկետման իրավունքի, բուհի կողմից սահմանված կարգով: 

  4. Չի թույլատրվում նպատակային տեղերում ընդունված ուսանողների տեղափոխումն այլ բուհ կամ այլ մասնագիտությամբ ուսումնառության: 

  5. Հայաստանի Հանրապետության ռազմական բուհերի կուրսանտները, որոնց ուսումնառությունը դադարեցվել է  զինվորական ծառայությունից առողջական վիճակով կամ ընտանեկան դրությամբ պայմանավորված՝ վաղաժամկետ արձակվելու պատճառով, ամբողջ ուսումնական տարվա ընթացքում կարող են հրամանագրվել՝ բուհերի համապատասխան կուրսերում ուսանելու համար:

  6. Ուսանողի տեղափոխությունը թույլատրվում է տվյալ մասնագիտության գծով  լիցենզիայով հատկացված ընդունելության սահմանային տեղերի (ըստ ուսուցման ձևերի և որակավորման աստիճանների) շրջանակում:

  7. Օտարերկրյա բուհերից ուսանողների տեղափոխության դեպքում հանձնման ենթակա ստուգարքների և քննությունների թվի մեջ չեն ներառվում հայագիտական առարկաները: Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ սովորողն օտարերկրյա բուհում, որպես մասնագիտական, ուսումնասիրել է հայագիտական առարկաներ, ինչպես նաև տեղափոխվող բուհում ընտրել է հայագիտական մասնագիտություններ:

  8. Կրեդիտներով պայմանավորված առարկայական տարբերությունների ցանկը որոշում է ընդունող բուհը: Ուսանողը պետք է ուսումնառի և հանձնի գոյացած տարբերությունները` ընդունող բուհի կողմից սահմանված անհատական ժամանակացույցով, բայց ոչ ուշ, քան մինչև տվյալ կիսամյակի քննաշրջանի սկիզբը:

  9. Չի թույլատրվում ըստ մասնագիտությունների հավատարմագրված՝ կրթական ծրագրեր չունեցող ոչ պետական բուհերից ուսանողի տեղափոխությունը պետական կամ ըստ մասնագիտությունների հավատարմագրված՝ կրթական ծրագրեր ունեցող ոչ պետական բուհեր:

  10. Պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված՝ կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունները  յուրաքանչյուր ուսումնական տարվա վերջում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն (այսուհետ` նախարարություն) են ներկայացնում ուսանողների շարժունության բոլոր ձևերի մասին տեղեկատվություն` ըստ կրթական ծրագրի, ուսուցման ձևի, մասնագիտության և ուսուցման կուրսի տեղափոխման: