Skip to main content

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈՒՀԻՑ ԲՈՒՀ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  1. Ուսանողի՝ բուհից բուհ տեղափոխությունը, որի ընթացքում կարող է անցում կատարվել նույն մասնագիտությամբ, մեկ մասնագիտությունից մյուսը կամ փոխվել ուսուցման ձևը (առկա, հեռակա, հեռավար), իրականացվում է ընդունող բուհի ռեկտորին հասցեագրված՝ ուսանողի անձնական դիմումի համաձայն, որին կցվում է նաև սովորած բուհի կողմից տրամադրված ակադեմիական տեղեկանքը: 

  2. Եթե ընդունող բուհում տվյալ մասնագիտությամբ և կուրսում ազատ տեղերի թիվն ավելի քիչ է, քան տեղափոխվել ցանկացողների թիվը, ապա կազմակերպվում է ատեստավորում, և անցկացվում է մրցույթ, որի արդյունքում ընտրվում են այն ուսանողները, ովքեր շարունակելու են ուսումնառությունը: Ատեստավորման և մրցույթի անցկացման կարգն ու պայմանները սահմանում է ընդունող բուհը: Մինչև տեղափոխվողների կողմից առարկայական տարբերությունների հանձնումը՝ ընդունող բուհի ռեկտորն իրավասու է ուսանողին ժամանակավորապես հրամանագրելու համապատասխան ակադեմիական խմբում և նրան թույլատրել մասնակցելու ուսումնական պարապմունքներին: Հրամանում նշվում են նաև ակադեմիական առարկայական տարբերությունների ցանկը, դրանց մարման անհատական ժամանակացույցը, որի ավարտից հետո մեկ շաբաթվա ընթացքում տրվում է հրաման:

  3. Տեղափոխվող ուսանողին ընդունող բուհը տալիս է սահմանված նմուշի տեղեկանք` համաձայն ձևի: Ուսանողը նշված տեղեկանքը ներկայացնում է իր սովորած բուհ, որի ռեկտորը եռօրյա ժամկետում տալիս է ազատման մասին հրաման` հետևյալ ձևակերպմամբ` «Ուսանող ___________ - ը ազատված է՝ ___________ բուհ տեղափոխման կապակցությամբ»: Ուսանողին առձեռն տրվում կամ փոստով առաքվում են ազատման մասին հրամանի պատճենը, սահմանված նմուշի ակադեմիական տեղեկանքը, միջնակարգ կրթության ավարտական վկայականը, անձնական գործի փաստաթղթերը և ընդունելության քննություններին առնչվող փաստաթղթերը: Ուսանողի անձնական գործում մնում են ազատման մասին հրամանի և բուհի կողմից հաստատված միջնակարգ կրթության ավարտական վկայականի պատճենները, ուսանողական տոմսը, ստուգման գրքույկը և ուղարկված փաստաթղթերի ցանկը:

  4. Տեղափոխվող ուսանողի հրամանագրումը կատարում է ընդունող բուհի ռեկտորը` ուսանողի դիմումը, միջնակարգ  կրթության ավարտական վկայականը և ակադեմիական տեղեկանքն ստանալուց հետո  (մինչև այդ ստուգվում է ակադեմիական տեղեկանքի և ստուգման գրքույկի պատճենի համապատասխանությունը): Տեղափոխության մասին հրամանում կատարվում է հետևյալ գրառումը` «___________ -ին ___________ բուհից տեղափոխման կարգով ընդունել ___________ ֆակուլտետի ___________ մասնագիտության _____ կուրս` ________ ուսուցման ձևով, վճարովի (անվճար) սկզբունքով»: Ընդունող բուհում կազմվում է ուսանողի նոր անձնական գործ: Ուսանողին տրվում են նոր ուսանողական տոմս և ստուգման գրքույկ:

  5. Հեռակա ուսուցումից առկա ուսուցման տեղափոխությունները կատարվում են սույն կարգի պահանջներին և կարգի 10-13-րդ կետերով սահմանված դրույթներին համապատասխան: Առարկայական տարբերությունները հանձնելու համար սահմանվում է անհատական ժամանակացույց, որի ժամկետը չպետք է գերազանցի տվյալ կիսամյակի առկա ուսուցման համար սահմանված ժամկետը: